«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, 18 տարվա դասախոսական փորձ ունեցող  Արմեն Մարտիրոսյանը ողջունում է դասադուլի կոչերը եւ վստահեցնում, որ դասադուլը չի ազդում առաջադիմության վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ որպես մի անձնավորություն, որը դեռեւս  8-րդ դասարանաում դասադուլներ էր կազմակերպում, կարող է  փաստել, որ դա որեւէ կերպ չի ազդել իր առաջադիմության վրա եւ ատեստատի միջինը 4,5 եղավ:  Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ ուսանողական տարիներին շատ ակտիվ մասնակցություն է  ունեցել ՀՅԴ-ի « Նիկոլ Աղբալյան» միության աշխատանքներին, դա եւս չի ազդել իր առաջադիմության վրա: «Խոսքերը, որ սա կրթության վրա կազդի, այդպես չէ, դա կարող եմ հաստտաել նաեւ որպես տասնութ տարվա դասախոս»,- նշեց նա:

«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ  տգեղ երեւույթ է, երբ համալսարանների դռները փակում են ուսանողների առաջ: «Փաստորեն խորհրդային ժամանակի մեր ղեկավարները ավելի ազգային, դեմոկրատական են եղել, քան ներկա ղեկավարությունը, որովհետեւ այն ժամանակ որեւէ մեկը չէր արգելում դասադուլներ կամ նմանտիպ ակցիաներ կազմակերպելուն, իսկ այսօր բուհի դուռը որպես կալանավայր փակում են, որը ցույց է տալիս, որ իշխանությունը հեռու է  ազգային, ժողովրդավարական արժեքներից»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ շուրջ երեք օր է մի շարք համալսարանների մոտ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ երիտասարդները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ կոչ անելով ուսանողներին դասադուլ անել: Այդ ակցիաները վերահսկվում են ոստիկանների կողմից, գրանցվում են միջադեպեր, բախումներ համալսարանի ղեկավարության, ուսանողների եւ ցուցարարների միջեւ, լինում են դեպքեր նաեւ, երբ համալսարանների դռները փակում են ուսանողների առաջ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am