Այն ալիքը, որ կար փետրվարի 18-ին, շատ ավելի մեծ թափ է ստանում, սա արդեն համաժողովրդական պայքար է, որը տեղավորվում է  համակարգային փոփոխությունների մեջ, սա իր ազատությունների համար ժողովրդի պայքարն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա համոզված է, որ այս պայքարը եւս հաջողվելու է, արդյունքը տալու է:  Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ յուրահատուկ է  նաեւ այն, որ ոչ միայն Երեւանն ակտիվացավ, այլեւ` մարզերը, ինչը կարեւոր է: «Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ հանդիպումներ է ունենում, քաղաքացիների կողմից  ողջունած այցելություններ են, այդ պատճառով իշխանությունները նույնիսկ անցել են սադրանքների»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հիշեցնելով երեկ Արտաշատում «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի հետ կապված միջադեպը եւ կոչ անելով իշխանություններին գործել օրինականության շրջամակներում:

Նա շեշտեց, որ ժողովրդի պայքարին միացել է ՀՅԴ-ն, ՀԱԿ-ից տարբեր կառույցներ, կուսակցություններ, իրենց աջակցությունն են հայտնել Պետրոս Մակեյանը, Նիկոլ Փաշինյանը, հասարակական գործիչներ, արվեստագետներ, օրինակ՝ դերասան Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ գալու է եւ միանա ժողովրդի պայքարին:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իշխանությունը պետք է ընդունի իր պարտությունը, դրանից հետո տեղի ունենան որոշակի քայլեր, փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», կայանան նոր խորհրդարանական ընտրություններ, ձեւավորվի իրական կոալիցիա, որը ստանձնի գործադիր իշխանությունը եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին սկսեն արմատական բարեփոխումներ:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ագարակում գիշերելու համար որեւէ տեղ չհատկացնելուն՝ նա նշեց, որ Հայաստանում բիզնեսը գժված վիճակում է, բիզնեսը չի ցանկանում գումար աշխատել, եւ նմանատիպ անտրամաբանական երեւույթներ կլինեն, քանի դեռ այս իշխանությունը կմնա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am