Սումգայիթում հայերի սպանությունները «պահեստային տարբերակն» էր, նախնական թիրախը Ստեփանակերտն էր: Այդ մասին հայտնել է Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ, Հայաստանի նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը այսօր՝ փետրվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի 25-րդ տարելիցին:
Փորձագետը հիշեցրել է, որ երբ Լեռնային Ղարաբաղում սկսվեցին Հայաստանի ԽՍՀ-ին միանալու պահանջով առաջին ցույցերը, Ադրբեջանում լուր տարածվեց, որ 100 հազար ադրբեջանցիներ պատրաստ են Ստեփանակերտ մտնել եւ «կարգուկանոն հաստատել»: Տեղեկատվությանը լուրջ չվերաբերվեցին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին դրա սխալը: Փետրվարի 22-ին Ասկերանում բախում տեղի ունեցավ: Այնուհետեւ թիրախը դարձավ հանցավորության եւ թմրամոլության բարձր մակարդակ ունեցող Սումգայիթը: 250 հազար բնակչություն ունեցող քաղաքում ապրում էր 18 հազար հայ, սակայն ի տարբերություն Բաքվի հայերն այստեղ ոչ թե միկ տեղում էին կենտրոնացած, այլ սփռված էին ամենուր, ինչն ավելի էր հեշտացնոմ գործը: Գեւորգ Դանիելյանն ընդգծել է, որ ողբերգությունը հայաստանցի փախստականների ակտիվ գործողություններով ադրբեջանցիների «բացատրելու» փորձերն անհեթեթ են:
Ըստ պաշտոնական տվյալների` ջարդերի հետեւանքով զոհվել է 26 հայ: «Այդ թիվն իրական չպետք է համարել: Շատերը սպանվել են քաղաքը լքելու ճանապարհին», - նշել է Գեւորգ Դանիելյանը:
Ըստ մամուլի ասուլիսի մեկ այլ բանախոս, «Սումգայիթ, ցեղասպանություն, հրապարակայնություն» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանի, տեղեկատվություն կա 100-ից ավելի մարդու մահվան մասին:




























