Ջրասույզներն ուսումնասիրել են Չեբարկուլ լճի հատակը եւ այնտեղ` տիղմերի մեջ, հայտնաբերել են փոսեր, որտեղ, ենթադրվում է, գտնվում են երկնաքարի առավել մեծ բեկորներ: Սակայն բեկորները չեն ուսումնասիրվել  հաստ տիղմերի պատճառով: Այս մասին հայտարարել է Չեբարկուլ քաղաքի վարչության մամուլի քարտուղար Լյուբով Ռուդամետովան:

Փետրվարի 28-ին  Եկատերինբուրգից Չեբարկուլ կժամանեն մասնագետներ, որոնք մագնիսական նկարահանումներ կանցկացնեն լճի ընդհատակում, հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկնաքարերի հարցով անդամ Վիկտոր Գրոեխովսկին:

Միաժամանակ, քաղաքում ստեղծվել եւ գործում է  երկնաքարերի բեկորների որոնման հարցով հատուկ շտաբ: Եկատերինբուրգի գիտնականներին արդեն հաջողվել է հայտնաբերել մի քանի բեկորներ, որոնցից ամենամեծն ունի ավելի քան 1կգ քաշ, հայտնում է «Վեստի.ռու»-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հինգ տարածաշրջաններում` Տյումենում, Սվերդլովսկում, Չելյաբինսկում, Կուրգանսկի տարածաշրջանում, ինչպես նաեւ Բաշքիրիայում փետրվարի 15-ի առավոտյան երկնաքարային անձրեւ է գրանցվել: