Դիրքերում սպանված 19-ամյա զինծառայող Գոռ Ղազարյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:

Տավուշի մարզի Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը փոխանցեց, որ Գոռի ծնողները, ովքեր Ռուսաստանում են լսել կատարվածի մասին եւ շտապել Հայաստան ոչինչ չեն խոսում միայն լացում են: Ընդամենը գիտեն, որ դիրքերում միջադեպ է կատարվել, բայց թե ինչպես է եղել, դրա մասին խոսք չկա: Բոլորն ուղղակի ցավն են ապրում: Մենք էլ մեր հերթին այդ ցավը չենք փորփրում: Այդ մարդիկ ընդհանրապես բառ անգամ չեն խոսում: Մենակ լացում են ինչ պատմեն»,- ավելացրեց գյուղապետը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիրքերում սպանված 19-ամյա զինծառայող Գոռ Ղազարյանը Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան` իր պարտքը հայրենիքին տալու համար: Տավուշի մարզի Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի փոխանցմամբ Ղազարյանների ընտանիքը 90-ականներին է տեղափոխվել Ռուսաստան, իսկ անցյալ տարի Գոռը եկել է Հայաստան, որ ծառայության մեկնի:«Ծնողներն այնտեղ են տեղեկացել կատարվածի մասին եւ իմանալուն պես եկել են: Լուրը մենք չենք հայտնել նրանց: Մենք դեռ շոկի մեջ ենք, երեխան վերադարձել էր հայրենիք ծառայության համար ու նման բան ստացվեց: Շատ քչերն են նման քայլի դիմում: Գոռը ընտանիքի միակ տղան էր: Նա իրենից փոքր մեկ քույր ունի»,- ասել էր գյուղապետը:

Տեղեկացրել էինք նաեւ, որ փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին): ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: