Դատական ատյանները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն: Այս մասին հայտարարեց Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող Չիրագով-Սարգսյանի գործը:
«Եթե նրանք այդ գործն ընդունել են քննարկման, դա վկայում է այն մասին, որ իմ կարծիքով, եվրոպական դատարանը զբաղվում է քաղաքականությամբ, կանխորոշում է քաղաքական որոշումը»,-նշեց Գեւրոգ Դանիելյանը: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ դա այն գործը չէ, որը տվյալ պահին արժե քննարկել եվրոպական դատարանում, քանի որ դա բացարձակապես կապ չունի եվրոպական դատարանի իրավասությունների հետ:
ՄԻԵԴ-ը 2010 թ. սեպտեմբերին առաջին անգամ սկսել էր հայկական ընտանիքի հայցի քննությունն ընդդեմ Ադրբեջանի: Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թ. հայցեր էր ներկայացրել իր տունն ավերելու եւ իրեն բռնությամբ վտարելու վերաբերյալ: Սարգսյանի հայցում, մասնավորապես, ներկայացվում են սեփականության, անձնական կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերզմանոցների ոչնչացման դեմ, ազգային եւ կրոնական պատկանելության պատճառով խտրականության դրսեւորման, ինչպես նաեւ հայերի նկատմամբ բռնությունների փաստերի հետ կապված կառավարության անգործության մեղադրանքներ:
Ուշագրավ է, որ նույն օրը ՄԻԵԴ-ը քննության էր վերցրել Հայաստանի դեմ ադրբեջանցիների խմբի` Չիրիգովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործը: Այս գործերը նախադեպային են համարվում նմանատիպ բոլոր հայցերի համար:




























