Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի պաշտոնից ազատման որոշման նախագիծը մտել է ՀՀ կառավարության այսօր` փետրվարի 28-ին կայանալիք նիստի օրակարգ, եւ դեռ հարց է` Կառավարությունը կընդունի այն, թե ոչ, բայց չեն դադարում մարզպետի հավանական թեկնածուների մասին խոսակցությունները:

Լրատվամիջոցներում շրջանառվում են բազմաթիվ անուններ` սկսած օլիմպիական չեմպիոն, նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանից մինչեւ ԱԺ պատգամավորներ Արման Սահակյան, Սամվել Նիկոյան:

Անդրադառնալով Շիրակի մարզպետ նշանակվելու մասին տարածված տեղեկություններ` ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Ես առաջինը ձեզնից եմ լսում եւ հուսով եմ, որ դա կլինի վերջինը»:

Իսկ Արման Սահակյանի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել, քանի որ նա երեկ ամբողջ օրը չի պատասխանել հեռախոսազանգերին: 

Ի դեպ, այսօր` փետրվարի 28-ին, երեկոյան, կկայանա ՀՀԿ խորհրդի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նիստի օրակարագը դեռ հստակ չէ, բայց դրանում չեն քննարկվելու մարզպետների, քաղաքապետների հարցեր:

Ավելի վաղ  NEWS.am-ը ներկայացրել էր նաեւ Յուրի Վարդանյանի տեսակետը` Շիրակի մարզպետ նշանակվելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել այն բանից հետո, երբ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում ավելի քիչ ձայներ ստացավ, քան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: