Ռուսաստանի ՆԳՆ-ի տնտեսական անվտանգության եւ հակակոռուպցիոն Գլխավոր վարչության աշխատակիցները կեղծ ալկոհոլի արտադրության կանխման խոշոր գործողություն են իրականացրել:

Պարզվել է, որ առանց ակցիզի ալկոհոլի արտադրությունը կազմակերպվել էր վրացիների կողմից:  Կեղծված ապրանքներն իրացվել էին Մոսկվայում եւ Մերձմոսկվայում՝ հայրենական եւ արտասահմանյան հայտնի արտադրողների ապրանքատեսակների անվան տակ: Ատադրամասը  գտնվել է Վլադիմիրսկի մարզի Ֆրունզե ավանի նախկին կահույքի  գործարանում: Հասցված վնասը կազմել է 42 միլիոն ռուբլի:

Գործողության երկրորդ փուլում ոստիկանները հայտնաբերել են Վլադիմիրսկի մարզի Կովրովում գտնվող կեղծ ալկոհոլի արտադրության ընդհատակյա եւս մեկ գործարան: Այստեղ շշալցվում էր պորտվեյն: Տեխնոլոգիական սարքավորումներն ապամոնտաժվել են, կեղծ ալկոհոլը հանվել է շրջանառությունից, հայտնում է  «Ռոսբալտը»:

Ոստիկանները խուզարկություն են անցկացրել առեւտրային ընկերության գրասենյակում: Առգրավվել են փաստաթղթեր, հաշվապահական թղթեր, ալկոհոլային  արտադրանքի նմուշները, ինչպես նաեւ օրինական ալկոհոլ արտադրող ձեռնարկությունների կեղծ կնիքները:

Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիա  տարածքում իրականացված գործողության եզրափակիչ փուլում ոչնչացվել է օղու եւ կոնյակի ընդհատակյա  արտադրամաս: Հայտնաբերված պատրաստի արտադրանքի արժեքը կազմել է 40 միլիոն ռուբլի: