Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հերքում են երեկ` փետրվարի 27-ին, Արմավիրում մարզպետի օգնականի եւ քաղաքապետի եղբոր որդիների միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին տարածված տեղեկությունները:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել, դրանք հերյուրանքներ են: «Ես այսօր էլ խոսել եմ Նվեր Պետրոսյանի հետ, նա կտրականապես հերքել է, որ նման բան է եղել»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը` հավելելով, որ նրան տեսել է, որեւէ կապտուկ, վնասվածք չկար:

Մարզպետը նաեւ տեղեկացրեց, որ Նվեր Պետրոսյանի եւ քաղաքապետի եղբոր որդիների միջեւ երբեւէ հակասություն չի եղել: Հարցին, թե այդ դեպքում ինչի են նրան կանչել ոստիկանություն, դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, մարզպետը նշեց, որ նրան կանչել են «ձեր գրվածների հիման վրա»:

Իսկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով օրեր առաջ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Զբաղվեք մի քիչ ավելի լուրջ թեմաներով, դրանք փողոցային խոսակցություններ են առ ոչինչ»:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգ է եղել, որ վիճաբանություն է տեղի ունենում, եւ ահազանգի հիման վրա նյութեր են նախապատրաստվում` դրա իսկությունը ճշտելու նպատակով: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհաղորդեցին:

Ի դեպ, երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Նվեր Պետրոսյանը հրավիրվել է Ոստիկանության Արմավիրի բաժին:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքում մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանի եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդիների միջեւ վիճաբանություն է եղել: Այս մասին հայտնել են NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Նշենք, որ օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ռուբեն Խլղաթյանը: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` եթե նրա հրաժարականի դիմումը ընդունվի, ապա ամենահավանական թեկնածուն, ով կարող է նրան փոխարինել հենց Նվեր Պետրոսյանն է: