Միջազգային հանրությունից հարկավոր է հարգանք պահանջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդեն ճանաչված ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԵՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Մենք բավականաչափ ուշադրություն չենք դարձնում մեր մենթալիտետին,  ինչո՞ւ հենց մենք դարձանք ջարդերի զոհ: Նման  իրադարձությունները հենց այնպես, առանց հանգամանալի նախապատրաստության տեղի չեն ունենում:  Մենք մինչ այժմ չենք գիտակցել Եվրոպայի դիրքորոշումն այս հարցի նկատմամբ: Բացի այդ, պետք է ընդունել, որ որոշ ժամանակ Արեւմուտքը սատարել է ղարաբաղցիների անկախության ձգտումը՝ նպատակ ունենալով կործանել Խորհրդային Միությունը, սակայն դրանից հետո Ղարաբաղը դադարեց հետաքրքրություն ներկայացնել», - նշել է քաղաքագետը:

Նրա համոզմամբ` հայերն Ադրբեջանում ազգային փոքրամասնություն չեն եղել, նրանք այդ պետության  հիմնադիր ժողովուրդներից են: «Բացի դրանից, ներկայումս մենք կորցրել ենք նույնիսկ Ղարաբաղի  աշխարհագրական հստակ պատկերացումը: Ղարաբաղը նախկին ինքնավար մարզը չէ, չի կարելի այդպես կարծել: Իրականում մենք Ղարաբաղի սահմաններից դուրս չենք եկել, հակառակը, Ղարաբաղի կենտրոնական եւ հյուսիսային  մասերը դեռ գրավված են Ադրբեջանի կողմից: Ինչ վերաբերվում է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքին, ապա այդ իրավունքը մի քանի անգամ ճանաչվել է հենց ադրբեջանցիների կողմից: Անհրաժեշտ է հարգել ժողովուրդների ինքնորոշման արդեն ճանաչված իրավունքը», - ընդգծել է պրոֆեսոր Մանասյանը: