Արդյոք Երեւանում եւ Երեւանից դուրս տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ճի՞շտ տեղերում են, արդյոք ճի՞շտ արագություններ են սահմանվել, արդյոք վարորդները չափազանց մեծ տուգանքներ չե՞ն վճարում: Կառավարության այսօրվա` փետրվարի 28-ի նիստում, այս հարցադրումներով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին:
Վերջինս պատասխանեց, որ ի սկզբանե հանձնարարվել էր ուսումնասիրել ռիսկային գոտիները՝ վթարների ու զոհերի քանակը , ու այդ տեղերում տեղադրել համապատասխան սարքերը: Ա. Օսիկյանի տեղեկացմամբ՝
2012 թ. Երեւանում մահվան ելքով պատահարները 30%-ով կրճատվել են, այն դեպքում, երնբ 2008 թվականից սկսած ավելանում էին տարեկան 30%-ով: Սա, ըստ Ա. Օսիկյանի, տեսախցիկների շնորհիվ է:
Սակայն վարչապետ Տ. Սարգսյանին այս պատասխանը չբավարարեց. նա պնդեց, որ հարցերի շարանը չի պակասում: «Ուզում եմ ստանալ առարկայական պատասխաններ: Որքանո՞վ է ճիշտ, որ Մասիվի, Սեւանի տրասայի վրա 80 կմ/ժամից ավելի հնարավոր չէ: Արագաչափերի մոտ դանդաղ են քշում, անցնելուց հետո արագացնում են: Պետք է մարդկանց բացատրել, որ չկա սուբյեկտիվիզմ»,- ասաց Տ. Սարգսյանը:




























