Եթե Ադրբեջանը որոշի խփել հայկական օդանավերը, կհայտնվի մասնակի միջազգային մեկուսացման մեջ: Այդ մասին «Vesti.Az»-ին ասել է պատմական գիտությունների թեկնածու, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասում հեռարձակման բաժնի պետ Իվան Սուխովը:
«Եթե Ադրբեջանն անգամ մեկ օդանավ խփի, դա կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության անհապաղ սրման, որտեղ Ռուսաստանը, հնարավոր է, բացահայտ չի օգնի Հայաստանին, բայց հաստատ չի աջակցի ադրբեջանական կողմին: Չի բացառվում անգամ, որ Ռուսաստանը մարտական գործողություններ կիրականացնի Ադրբեջանի հյուսիսում, դա, օրինակ, հիմնավորելով Դաղստան ադրբեջանցի ահաբեկիչների ներթափանցումով»,-նշել է Սուխովը:
Ի. Սուխովը նաեւ պատասխանել է հարցին, թե կարող է արդյոք Արեւմուտքը երաշխավորել Ադրբեջանին իր հողերի վերադարձը, եթե վերջինս որոշի աջակցել Արեւմուտքին Իրանի դեմ պատերազմում: «Իրանի դեմ պատերազմը հարցական է, սակայն ակնհայտ է, որ եթե նման պատերազմ սկսվի, այն աղետալի կերպով կապակայունացնի Հարավային Կովկասում իրավիճակը: Արեւմուտքը հազիվ թե ունակ լինի երաշխավորել Ղարաբաղի եւ հարակից տարածքների վերադարձը, քանի որ իր շահերն ունի Հայաստանում: Տեսականորեն տարածքների վերադարձման երաշխավոր կարող էր լինել Թուրքիան, սակայն ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը չէին ցանկանա առանց այդ ել ուժեղացող Թուրքիայի չափից շատ աճը: Վախենամ, որ Արեւմուտքին աջակցելու դեպքում, Ադրբեջանը հայտնվի կոլապսի սպառնալիքի տակ»,-նշել է Սուխովը:




























