Ոստիկանության կողմից 2011թ. սեպտեմբերի 23-ին բացահայտված «բանդայի»  գործով տուժողները դատարանում գտնվող ամբաստանյալների շարքերում չեն փնտրում մեղավորներին: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Ես հո սուտ չեմ խոսում, այդ մարդիկ կգան իմ աչքերը կհանեն: Բոլոր տուժողները իմ եւ իմ տղայի կողմից են: Դատարանի կողքը եկեղեցի կա, տուժողներին ասացի եթե իմ տղան ձեր գողոնից, տներից խաբար է, թող եկեղեցին իմ ընտանիքի դատաստանը տա, իսկ, եթե չէ, իմ դառը արցունքները մի դրեք ձեր ընտանիքի վրա: Առաջինը Նապոլեոն Ազիզյանի աղջիկը` Նաիրան ասաց, որ ոչ ոք իմ երեխային չի մեղադրում, քանի որ գիտեն, որ անմեղ է: Տուժողներից մի քանիսն էլ միացան եւ ասացին, որ մինչեւ Եվրադատարան ինձ հետ կբողոքեն, որ իմ տղան անմեղ տեղը չնստի: Նաիրան նաեւ ասաց, որ համոզված են, թե գողերը էստեղ նստած չեն»,- փոխանցեց Կարինե Ամոյանը եւ ավելացրեց, որ այդ ամենի հետ մեկտեղ իր որդին դատապարտյալների հիվանդանոցում ծանր առողջական վիճակում շարունակում է կրել չարած գործի պատիժը:

Նապոլեոն Ազիզյանը եւս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քննության արդյունքներով պարզվել է, որ Քյարամն իրենց տուն չի մտել: «Քյարամին վերջին կողոպուտի գործում են ցանկացել ներգրավել: Նա մեր տան հետ կապ չունի»,- ավելացրեց Նապոլեոն Ազիզյանը եւ փոխանցեց, որ մինչեւ հիմա իրենց տան գողոնն էլ չեն վերադարձրել, ընդամենը մեկ հատ ֆոտոխցիկ են վերադարձրել: 

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  հայտնի բանդային կասկածում են նաեւ Նապոլեոն Ազիզյանի տան վրա կատարված ավազակային հարձակման մեջ: 2011թ-ի օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել էին նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը  ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6  նկարներ` դիմել են փախուստի: Ավելի ուշ պարզվել էր, որ հարձակվողները սեպտեմբերի 23-ին վնասազերծված հայտնի բանդայի անդամներ են: Տեղեկացել էինք նաեւ, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  նախաքննությունը եւս ավարտվել է: Իսկ 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: 

Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  նախաքննությունը եւս ավարտվել է: Իսկ 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: Գործը ներկա պահին քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ, որից մեղադրյալների հարազատները շատ գոհ են: