Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի օրն է որոշելու Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը: Այդ մասին Հովհաննիսյանն ասել է այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում:
«Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը մենք խորհրդի կարգով կքննարկենք հայ ժողովրդի հետ եւ ես կիրակի օրը վերջնական որոշումը կկայացնեմ»,- նշել է նա:
Ազգային Ժողովում Հովիկ Աբրահամյանի մոտ ընթացող, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» մասնակցությամբ խորհրդակցությունների կապակցությամբ Հովհաննիսյանը նշեց. «Շատ լավ է, որ խորհրդարանում գործընթացներ կան, բայց դրանք կապ չունեն իմ հետ: Ես պատրաստ եմ ողջունելու համագործակցությունը, եթե ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ.) համազգային այս հաղթանակը ճանաչելու առաջարկ ունի, պատրաստ եմ լսել, իսկ խորհրդարանի բանակցությունների հետ ես կապ չունեմ»,- նշեց նա եւ հավելեց. «Դա մեր ֆրակցիայի տիրույթում է, թող գնա այդ գործընթացը, դա եւս ամբիոն է պայքարի: Մենք չենք հրաժարվելու պայքարից, որը թույլ կտա ճանաչել ժողովրդի իրավունքը: Պարոն Աբրահամյանը իմ զրուցակիցը չէ, թող իրենց քննարկումներն անեն խորհրդարանում, իմ զրուցակիցը պարոն Սարգսյանն է, եթե ինչ որ բան ունեն, թող ասեն»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























