Սվանեթիայում 2004թ. իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալված Ափրասիձեների կլանի անդամ Գոչա եւ Շմագի եղբայրները մարտի 1-ին լքել են Ռուսթավիի №16 բանտը: Նախկին բանտարկյալներին դիմավորել են ընտանիքի անդամները:
Փետրվարի 28-ին վճիռ էր կայացվել 55 դատապարտյալի ազատություն շնորհելու վերաբերյալ, հայտնում է «Ինտերպրեսնյուզը»:
Ազատվելուց հետո Շմագի Ափրասիձեն հայտնել է, որ մտադիր է «վերականգնել արդարությունը»: Ազատվածների մայր Դոդո Ափրասիձեն վստահեցրել է, որ կսկսվի գործի կրկնակի հետաքննություն եւ պահանջել է պատժել մեղավորներին, որոնց շարքում նշել է ՆԳՆ-ի նախկին ղեկավար Գեորգի Բարամիձեին:
2004թ. Սվանեթիայում իրավապահների իրականացրած հատուկ գործողության հետեւանքով զոհվել էին հայր եւ որդի Եվգենի եւ Օմեխ Ափրասիձիները: Գոչա եւ Շմագի Ափրասիձիները ձերբակալվել էին: Գոչան դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, իսկ Շմագին` 18 տարվա:
«Ինտերֆաքսը» հիշեցնում է, որ Ափրասիձեների կլանը Սվանեթիա լեռնային շրջանում «վերահսկողություն էր հաստատել» դեռեւս խորհրդային ժամանակներում: Ըստ վրացական իշխանությունների տվյալների` նրանք մարդասպանությունների, առեւանգումների եւ շորթումների հեղինակ են: Այն ժամանակ գերդաստանի չեզոքացման հատուկ գործողությանը մասնակցել էին հատուկ նշանակության 100 ջոկատայիններ, որոնք Էցերա գյուղ էին իջել 10 ուղղաթիռներով:




























