Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել ինքնաբացարկ տալ մինչեւ ապրիլի 9-ը: Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարել է. «Այս պահը ահռելի պատասխանատվության պահ է: Թող ոչ մեկը Հայաստանը չշփոթի որեւէ բանի հետ: Մեր դեմ խաղ չկա»:
Նա անդարդարձել է մեղադրանքներին, թե ծրագիր չունի, եւ ասել է. «Թող հստակ լինի, ես ունեմ միայն մեկ ծրագիր, մի ռազմավարություն, մի հստակ անելիք, եւ դա այն է, որ Հայաստանի քաղաքացիների եւ հայ ողջ ժողովրդի մասնակցային տիրությամբ պաշտպանելու եմ ժողովրդի իրավունքը եւ ի կատար ածելու ենք մեր պահանջը թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ: Մեր պահանջն է եւ իրենք կատարելու են այդ պահանջը»:
Ըստ Հովհաննիսյանի, «քանի մինչեւ հիմա չունեմ Սերժ Սարգսյանից որեւէ առաջակ հայ ժողովրդի պահանջը լուծելու, համազգային մեր պայքարին պատասխան տալու համար, ես նրան հրավիրում եմ այստեղ` հրապարակ: Հարգանքով հրավիրում եմ, որ գա այստեղ` հանրապետության կենտրոնակայան հրապարակ եւ ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը: Որ նա հայ ժողովրդի, ոչ թե իմ` Րաֆֆու պահանջով, ինքնաբացարկ տա մինչեւ ապրիլի 9-ը»:
«Եթե նա սիրում է իր հայրենիքը, իր ընտանիքը, նվազագույն արժանապատվություն ունի, պիտի գա եւ թույլ չտա, որ ապրիլի 9-ին սուրբ Աստվածաշնչի վրա կեղծ երդում տա եւ չփորձի թագավորել իրեն չճանաչող ժողովրդի վրա: Եթե դա արեց, թող ինքն ու իր զինակիցները` արդեն դե-ֆակտո նախկին իշխանությունները հասկանան, որ դա բերելու է հերթական ողբերգության: Ոչ թե արյան ողբերգության, երբեք, այլ ժողովրդին, խաբելու ու դատարկ հրապարակին իշխելու ողբերգությամբ:Եթե դա ուզում եք, պարոն Սարգսյան, Դավայ եկեք-երդվեք այստեղ»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ հրավիրեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` հաշվետվություն տալու արածների համար, կոչ արեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրաժարական տալ:
Հովհաննիսյանը նաեւ հարցրեց ժողովրդին,թ ե երբ են ուզում հաջորդ հանրահավաքը` մարտի 5-ին, թե մարտի 8-ին: Հավաքվածները քվեարկեցին մարտի 5-ի օգտին: Հաջորդ հարցը վերաբերում էր ՍԴ դիմելու հարցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե մարտի 4-ին տեղյակ կպահեն այդ որոշման արդյունքը: Նա նաեւ իրազեկեց, որ առաջիկայում լինելու են մարզային այլ հանդիպումներ եւս: ԻԿր ելույթը Հովհաննիսյանն ավարտեց Հայաստանի հիմնը երգելով եւ հավաքվածներին կոչ անելով ավելի խրոխտ ձայնակցել իրեն:




























