«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը կգնա Ազատության հրապարակ, երբ հստակություն տեսնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ձեւակերպի` ինչ է ուզում, եղել է մարզպետների, քաղաքապետների հրաժարական, տեղի են ունեցել անօրինական ընտրություններ ու իր տոնայնությունը անորոշ է, այդ ձայները դրված են իր վրա, ինքն է տեր ձայներին, մենք պատրաստ ենք աջակցել իրեն, բայց հստակ պետք է լինի,թե ինքը ինչ է ուզում, եթե իր նպատակը իշխանությունների օգնությամբ ընդդիմադիր դաշտը զբաղեցնելն է, տեր դառնալ ընդդիմադիր դաշտին, դա ազնիվ նպատակ չէ, իսկ եթե նպատակը ազնիվ է, այդ դեպքում մենք պատրաստ ենք»,- նշեց նա:

Նախագահի նախկին թեկնածուն շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հստակ ասի` դիմելու է ՍԴ, թե ոչ, եւ եթե ինքը այդ ճանապարհով չի վիճարկում ընտրությունների արդյունքները, մնացածը ուղղակի գեղեցիկ խոսքեր են: Նա իր տարակուսանքը հայտնեց, որ Արման Մելիքյանը, ունենալով ամենաշատ տվյալները, չդիմեց ՍԴ: «Իշխանությունը հաշվի կնստի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ լինի, ժողովուրդը շատ հստակ է, ժողովուրդը պատրաստ է, քանի որ այդ թեկնածուն ինքն է, որին ժողովուրդը իշխանություններին չուզելով, իշխանություններին դեմ գնալով` քվեարկել է, ինքն է տիրապետում այդ ձայներին: Դեռեւս Սերժ Սարգսյանի հրաժարական կամ որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել նման բաներ չի ասում, ասում է` ժողովուրդն է հաղթել, իշխանությունն էլ է ասում` ժողովուրդն է հաղթել, անորոշ ձեւակերպումներ են»,- ասաց Արամ Հարությունյանը:

Հարցին, թե դուք ասում էիք,թե փետրվարի 19-ից հետո քվեաթերթիկում մնացած բոլոր թեկնածուները կակազելու են, նոր իրավիճակ է ստեղծվելու եւ հարթակում մնալու եք դուք, բայց հիմա կարծես հարթակում են բոլորը` ձեզնից բացի եւ ոչ ոք չի կակազում, նա այսպես պատասխանեց: «Ըստ էության բոլորն էլ կակազում են: Րաֆֆի Հովհաննիսյանը, որ տենց հայրենասիրական ճառեր է ասում, դեռեւս ոչինչ չի նշանակում, խնդիր չի ձեւակերպված, ժողովուրդը իր խոսքը ասել է, հիմա կամ տեր ես Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած ձայներին, կամ Սերժ Սարգսյանն է քո տերը»:

Նա նշեց, որ նույնիսկ «Ժառանգությունը» չգիտի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է ուզում` օրինակ բերելով համանուն խմբակցության բանակցությունները ԱԺ-ում եւ նախագահի նախկին թեկնածուի հայտարարությունը, թե կապ չունի դրա հետ:

Ի դեպ, «Ազգային համաձայնությունը» դեռ քննարկում է` մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, թե ոչ, դա կախված է քաղաքական իրավիճակից: Մասնավոչապես` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը փողոցում կանգնած ժողովրդին հոջսախաբ չանի, նոր իրավիճակ կարողէ  ստեղծվել, եթե  հուսախաբ անի, ժողովուրդը իրեն չի ների եւ թատերաբեմից շատ անփառունակ կհեռանա: