Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռամիլ Սաֆարովի գործով հայկական կողմից բողոք դեռ չի ստացել: Այս մասին հայտնեցին դատարանի մամուլի ծառայությունից` ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցման:
Նշենք, որ Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը մարտի 1 –ին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ հայկական կողմը Սաֆարովի գործով բողոք է ներկայացրել ՄԻԵԴ: Նա նշել էր, որ գործը գրեթե աննախադեպ է եվրոպական դատարանի համար ` հաշվի առնելով կատարված հանցագործության ամոթալի լինելը, եւ հայկական կողմը համպատասխան արձագանք է ակնկալում:
Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:




























