«Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է գալիս Ընտրական օրենսգիրքը խախտողներին խստորեն պատժելու օգտին, եւ այդ համատեքստում ընդգծում է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը` դիմել ՍԴ: Այդ մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Թող մեկ անգամ եւս քննարկեն, թե ինչ խախտումներ են եղել նախագահական ընտրությունների ընթացքում»,- ասել է նա:

Հարցին, թե ճիշտ է համարում արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը` նախագահի եւ կառավարության հրաժարականի վերաբերյալ, Մարգարյանը նկատել է, թե Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է եւ դա են վկայում այլ երկրների ղեկավարների բազմաթիվ շնորհավորանքները: «Դա իր իրավունքն է: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական գործիչ է, եւ ունի իր ռազմավարությունը: Սակայն ընտրված նախագահի հրաժարականը պահանջելը սխալ է»,- նշել է նա: Մարգարյանի խոսքով, ՕԵԿ-ը ռեֆորմիստական կուսակցություն է, եւ կարծում է, թե այսօր լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, քանի որ իշխանության մեջ շատ են «հոգնած դեմքերը, ովքեր լճացել են իրենց գործունեության ոլորտներում»: Նա միաժամանակ հրաժարվել է որեւէ անուն նշելուց:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am