Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ շինթույլտվությունների նկատմամբ:

Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաեւ բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման եւ նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին պարզեցնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է մշակել փաստաթղթային ձեւակերպումների նոր պազեցված ընթացակարգ եւ ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` շինարարության թույլտվություններ չպահանջող աշխատանքների ցանկն ընդլայնելու համար:

Մայրաքաղաքում գործող զվարճանքի օբյեկտները բազմաբնակարան բնակելի շենքերից որոշակի հեռավորության վրա շահագործելու հետ կապված` իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պատրաստվել է օրենսդրական նախագծերի փաթեթ: