ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ սկսված քննարկումները` հետընտրական զարգացումների վերաբերյալ, տապալվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոււցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ այսօր խորհրդակացություն անցկացվեց խորհրդարանական բոլոր ուժերի հետ` լայն ֆորմատով: «Ցավոք, Հանրապետական խմբակցությունը, որը նախաձեռնել էր արտահերթ նիստ հրավիրելու,ոչ միայն չներկայացրեց օրակարգ, այլեւ մերժեց մեր օրակարգը: Բանակցությունները ավարտվեցին: Մենք այս փուլում կշարունակենք ընդդիմության հետ 1/3 ձայներ հավաքել եւ հրավիրել արտահերթ նիստ եւ քննարկել մեր կողմից բարձրացված հարցերը»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչը եւս մասնակցում էր խորհրդակցությանը եւ ամբողջությամբ կողմ էր իրենց եւ ՀՅԴ-ի կողմից առաջարկված օրակարգին:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ մեծամասնությունը տապալեց իր իսկ կողմից հայտարարած արտահերթ նիստում քննարկումներ անցկացնելու առաջարկը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը առաջարկել էր քննարկել հետընտրական զարգացումների հարցը արտահերթ նիստի օրակարգում: «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն արձագանքել են այդ առաջարկին եւ ներկայացրել են այն օրակարգ, որի շուրջ պետք է տեղի ունենան քննարկումները: Խոսքը վերաբերում էր մեկ տարվա ընթացքում «Ընտրական օրենսգիրքը» արմատապես փոփոխելուն,100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, ընտրությունների ընթացքը թափանցիկ դարձնելուն, արմատական բարեփումներ անելուն, 1 տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն, Սահմանադրական բարեփոխումներ կատարելուն, հանրաքվեի միջոցով պետական կառավարման խորհրդարանական ձեւը ամրագրելուն, պետական կառավարման համակարգում ընդդիմությանը վերահսկիչ գործառույթներ վերապահելուն:




























