Նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին, ամենայն հավանականությամբ, այսօր կձերբակալեն: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այսօր խուզարկություններ են կատարվել Սեդրակյանի մեքենաներում եւ գրասենյակում, առաջիկա ժամերին կարող է խուզարկություն լինել նաեւ նրա տանը: Մեր աղբյուրը նշեց, որ Սեդրակյանին, թերեւս այսօր կձերբակալեն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանը նշել էր, թե տեղեկություն չունի իր տան խուզարկության եւ իրեն ձերբակալելու մասին շրջանառվող տեղեկություններից: «Ես հիմա տանը չեմ, աշխատանքի վայրում եմ, նման տեղեկություն չունեմ»,- ասել է նա: Հարցին, թե որտեղ է աշխատում, նա պատասխանել էր, որ «Արմատ» ակումբում է, շուտով դուրս է գալու»:
Նախագահի նախկին թեկնածուն ասել է նաեւ, որ իրեն ձերբակալելու մասին լուրերին վերաբերում է հումորով:
ԱԱԾ մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ընթանում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























