Եթե զույգի մոտ անպտղություն է հայտնաբերվում, դա բացասաբար է ազդում նաեւ սեռական կյանքի վրա: Այդ մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի բաժնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի տնօրեն Սեւադա Հակոբյանը:
Նրա խոսքով, անպտղության ախտորոշումը մեծ սթրեսային ազդեցություն ունի զույգի վրա, եւ դա կարող է վնասել տղամարդու եւ կնոջ միջեւ նորմալ հարաբերությունները: «Ներդաշնակ սեռական եւ ամուսնական հարաբերությունները նպաստում են անպտղության խնդրի առավել հեշտ լուծմանը»,- նշել է բժիշկը:
Նա նաեւ ընդգծել է, թե հիվանդության պատճառ կարող են լինել տարբեր գործոններ: «Առաջին հերթին պետք է հետեւել ուտելիքի նկատմամբ համապատասխան պահանջներին, անձի հորմոնալ զարգացման միտումներին, արձանագրել բոլոր փոփոխությունները, որոնք հետագայում կարող են հանգեցնել ռեպրոդուկտիվ օրգանների սխալ ձեւավորմանը: Բոլոր այդ պայմանների պահպանումը կապահովի առողջ մարդու ձեւավորմանը, ով լիարժեք ռեպրոդուկտիվ կյանք ունի»,- ընդգծել է Սեւադա Հակոբյանը:




























