Լիցենզավորված վճարումները չեն կարող վատթարացնել ատամնաբուժարանների եւ անհատ բժիշկների ֆինանսական վիճակը: Այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Օրենքը թեթեւացնում է հաշվապահական հաշվառումը եւ դա ձեռնտու է ատամնաբույժին: Նրան ասում են. «Վճարիր ամսավճարը եւ վերջ: Այլեւս քեզ ոչ հարկայինը կմոտենա, ոչ էլ` որեւէ մեկը: Ոչ մի ստուգում չի անցկացվի»: Նրա խոսքով`  ատամնաբուժարանների ներկայիս շրջանառությունն, ինչպես նաեւ ատամնատեխնիկների արհեստանոցների պետական տուրքը բավականին ողջամիտ են:

Նշենք, որ համաձայն «Լիցենզավորված վճարումների» մասին օրենքի փոփոխությունների` հաշվառումները կատարվում են ըստ գոտիների` Երեւան, շրջանային կենտրոն, այլ քաղաք, այլ բնակավայր եւ սահմանամերձ գյուղ: Կախված գոտուց` սակագինը կազմում է  ամսական 80 հազար դրամից (Երեւան) մինչեւ 14 հազար դրամ (սահմանամերձ գյուղ): Իրավաբանական անձանց համար, ովքեր ունեն երեքից ավել ատամնաբուժական աթոռ, երրորդից հետո յուրաքանչյուր աթոռի համար հարկը կազմում է  48 հազար դրամից (Երեւան) մինչեւ 8400 դրամ (սահմանամերձ գյուղ):