Ատամնաբուժական ծառայությունների նոր հարկերի պատճառով շատ ատամնաբույժներ կարող են նախապատվություն տալ ընդհատակյա աշխատանքին, լրագրողներին այսօր՝ մարտի 5-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել էին 2012թ. դեկտեմբերին: Ըստ նրա՝ մի շարք ատամնաբույժներ իրեն բողոքել են նոր կարգից: «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մոտ 500 նմանատիպ բողոք եմ ստացել», – նշել է նա: Ըստ նրա՝ հարկերի գանձումը պետք է օպտիմալ լինի եւ պետության, եւ մասնավոր հատվածի համար: «Մի շարք նոր քննարկումներ են անհրաժեշտ բոլորի համար ընդունելի լուծում գտնելու համար», – ամփոփել է ընդդիմադիրը:
Նշենք, որ ըստ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում արված փոփոխության՝ վճարումները սահմանվում են ըստ գոտիների՝ Երեւան, մարզկենտրոն, այլ քաղաք եւ սահմանամերձ գյուղեր: Գոտուց կախված՝ սակագինն ամսական կազմում է 80 հազար դրամից (Երեւան) մինչեւ 14 հազար դրամ (սահմանամերձ գյուղեր): Երեքից ավելի ատամնաբուժական աթոռ ունեցող իրավաբանական անձանց համար յուրաքանչյուր աթոռի համար վճարը կկազմի 48 հազար դրամից (Երեւան) մինչեւ 8400 հազար դրամ (սահմանամերձ գյուղեր): Ընդ որում, ատամնաբույժների եւ ատամնատեխնիկների ծառայություններն ազատվում են այլ հարկերից:



























