Այսօր` մարտի 5-ն կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2012թ արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությունն անց է կացվում 2010 թվականից:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության շրջանակներում 2012թ իրականացվել է «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» անվանակարգերով, ինչպես նաեւ «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» շարադրությունների, ուսանողական հետազոտությունների մրցույթները: Մրցույթին մասնակցել է 144 սփյուռքահայ անհատ եւ Սփյուռքի հայկական կազմակերպություն, որից 121-ը արժանացել է մրցանակի:

Միջոցառման մասնակիցներին իր օրհնանքը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը. «Աստծուց օրհնություն խնդրենք այս ծրագրի նախաձեռնողներին եւ մրցույթի մասնակիցներին հայապահպանությանն ուղղված ջանքերի եւ հայրենանվեր գործունեության համար»:

Ողջունելով եւ շնորհավորելով մրցանակաբաշխության մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր հաղթել են բոլոր մասնակիցները, հաղթել են, որովհետեւ դժվարին պայմաններում իրենց ժամանակը նվիրաբերել են եւ ջանք չեն խնայել տարբեր մշակույթներ կրող երկրներում պահպանել հայոց լեզուն ու մշակույթը եւ դրանով կառչած մնալ իրենց արմատներին, քանի որ հայրենիքից դուրս ապրողի համար այսօր ամենահզոր թշնամին ուծացումն է»:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը եւ Ռուսաստանի հայերի միության  փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ովքեր, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը արդյունավետ համագործակցության համար, նշեցին, որ յուրահատուկ կամուրջ է ձեւավորվել ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ: Համահայկական կառույցների հետ համագործակցությամբ մրցանակաբաշխությունը  շարունակական բնույթ է կրելու եւ  ընդլայնվելու են հայապահպանությանն ուղղված համատեղ ծրագրերը:

Մրցանակակիրներին հանձնվեցին 1-ին, 2-րդ, եւ 3-րդ կարգի դիպլոմներ, դրամական եւ խրախուսական պարգեւներ: Մրցույթից ստացած դրամական պարգեւը Նիդերլանդների Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու դպրոցը տրամադրեց սիրիահայ ուսանող Վանես Աղճոյի ուսման վարձավճարի փոխհատուցմանը, իսկ «Դոնի Նախիջեւան» թերթի խմբագրությունը գումարը փոխանցեց Արագածոտնի մարզի Արագած գյուղի դպրոցին:

Միջոցառմանը ներկա էր 40-ից ավել սփյուռքահայ մրցանակակիր եւ նրանց ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին մրցանակաբաշխության կազմակերպիչներին իրենց գործունեությունը բարձր գնահատելու համար:

Նշվեց  նաեւ, որ 2013թ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության շրջանակներում իրականացվելու են «Հայրենիք քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական ստեղծագործությունների, «Մայր իմ անուշ ու անգին» շարադրությունների, ինչպես նաեւ «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Մայրենիի պաշտպան», «Համայնքային կառույց» անվանակարգերում մրցույթներ: