Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց չի քննարկվել: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Մինչեւ Տիգրան Ուրիխանյանի շենքից դուրս գալը NEWS.am-ի թղթակիցը փորձում էր ԲՀԿ խմբակցության պատգամավորներից` Վարդան Օսկանյանից, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանից, Մուրադ Գուլոյանից, ով նաեւ Գագիկ Ծառուկյանի խնամին է, ինֆորմացիա ստանալ նիստում քննարկված թեմաներից եւ Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն նրանք բոլորը խոսքերը մեկ արած չէին պատասխանում մեր հարցերին նշելով, թե հաջորդ անգամ, մամուլի քարտուղարից ճշտեք եւ այլն:

Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ քննարկվել են կուսակցության ընթացիկ գործունեության հետ կապված հարցեր եւ որոշումներ կայացվել ներկուսակացական կառույցների վերաձեւավորման հետ կապված: Քննարկվել են նաեւ քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներ:

Նա չնշեց, թե Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված քննարկում երբ կլինի կամ ԲՀԿ հաջորդ նիստը երբ կկայանա: Հայտնի չէ նաեւ, թե երբ կկայանա ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը:

Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանեք երկու կուսակցությունների հանդիպումից հետո հաղորդագրություններում առկա տարբերությունները, նա պատասխանեց, որ զարմանալու բան չկա, «Ժառանգության» հաղորդագրությունը զուգահեռ է այն ձեւակերպումների հետ, որոնք առկա էին իրենց տարածած հայտարարության մեջ, հանդիպման այլ մանրամասների մասին որոշում է կայացվել այլեւս չբարձրաձայնել: