Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 2-րդ տարին անընդմեջ դարձավ բրոնզե մեդալակիր Աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անցկացվեց Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Լևոն Ջուլֆալակյանի սաները երրորդ տեղի համար պայքարում մրցեցին Ռուսաստանի ընտրանու հետ, որն իր ուժեղագույն կազմն ասպարեզ դուրս չէր բերել։ Մեր ըմբիշները հաղթեցին 4։3 հաշվով։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այսպիսով կրկնեց մեկ տարվա վաղեմության հաջողությունը, որը ձեռք էր բերվել Ֆրանսիայում։

Իսկ չեմպիոն հռչակվեց Իրանի հավաքականը, որը եզրափակիչում 4։3 հաշվով առավելության հասավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ։