Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալվալիդ բին Թալալը որոշել է դադարեցնել համագործակցությունը Forbes ամսագրի հետ: Նրան վրդովվեցրել է այն փաստը, որ կազմելով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, իրեն հատկացրել են ընդամենը 26-րդ հորիզոնականը:
Արքայազնը նամակ է գրել ամսագրի գլխավոր խմբագիր Սթիվեն Ֆորբսին` հայտարարելով, որ դադարեցնում է համագործակցությունը ամսագրի փորձագետների հետ: Նա մեղադրել է վարկանիշի հեղինակներին ոչ անաչառ եւ ոչ օբյեկտիվ լինելու մեջ: Բացի այդ, արքայազնը խմբագրությունից պահանջել է իր անունն ընդհանրապես հանել հարուստ մարդկանց ցանկից:
Բին Թալալին է պատկանում Kingdom Holding ներդրումային ընկերության բաժնետոմսերի 95 տոկոսը, որին են պատկանում Four Seasons համաշխարհային հյուրանոցային ցանցի բաժնետոմսերը:
Բացի այդ, արքայազնին է պատկանում Citibank-ի եւ News Corp-ի բաժնետոմսերը: Forbes-ի գնահատմամբ` ներկայումս արքայազնի ունեցվածքը կազմում է 20 մլրդ դոլար: Bloomberg գործակալությունը բին Թալալի ունեցվածքը գնահատում է 28 մլրդ դոլար:



























