Տավուշի մարզի բնակիչներն իրենք կորոշեն իրենց մարզպետի ճակատագիրը: Այդ մասին այսօր՝ մարտի 6-ին, Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխանցում է  NEWS.am-ի թղթակիցը:

Նա հավելել է, որ փետրվարի 18-ին քաղաքի եւ երկրի բոլոր բնակիչները կատարել են իրենց ընտրությունը: «Դուք անձամբ եք նրան ասել՝ սա իմ մարզն է, իմ գյուղն է, իմ բնությունը: Ծառայեք կամ հեռացեք: Բավականին պարզ է հնչում: Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ անցնելով մենք պետք է վերադարձնենք իշխանությունը ժողովրդին: Չզավթել, այլ վերադարձնել ժողովրդին:  Եւ փետրվարի 18-ի ընտրողները, եւ հրապարակում կանգնածները, եւ հանապազօրյա հաց վաստակողները, եւ նրանք, ովքեր առանց աշխատանքի են, եւ մտավորականությունը, բոլորը վճռել են, որ այս ընտրություններում իշխանությունը կվերադառնա ժողովրդին: Եթե պաշտոնական տվյալներով մենք Իջեւանում հավաքել ենք 61%, ապա կարող եք պատկերացնել, թե իրականում ինչքան են եղել մեր ձայները:  Սակայն մենք թվաբանությամբ չենք զբաղվում: Մենք ասում ենք՝ ով գողացել է մեզանից, վիրավորել է մեր ժողովրդին, պետք է ժողովրդի առաջ պատասխան տա», – ասել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝  ցանկացած գնով անհրաժեշտ ձայներ ստանալու իշխանությունների ձգտումը հաստատվում է անհրաժեշտ քանակությամբ ձայների «չհասած» գյուղապետերի հետապնդումներով: «Օրինակ, Կապանի մարզի Ծավ գյուղում, որտեղ հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, այժմ գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցվել բյուջեի ոչ ճիշտ բաշխման համար: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի թույլ տված խախտումների համար, սակայն սկզբում պատասխանատվություն պետք է կրեն  գերագույն իշխանությունները, այնուհետեւ մարզպետերը եւ հետո նոր գյուղապետերը», - ամփոփել է Հովհաննիսյանը: