Երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանն, այսօր` մարտի 6-ին, մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե նա հայհոյում է նրանց, որոնցից գումար կամ որեւէ օգնություն է ստացել: Ըստ այդմ՝ երգահանը՝ պարզաբանել, թե Հայաստանի երեք նախագահներից ինչեր է վերցրել կամ չի վերցրել:

Նա տեղեկացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից ոչինչ չի վերցրել, նրա օրոք գործում էր քարտ, որ եթե  հայտնի արվեստագետը հիվանդանում է, նրան Ֆրանսիայում բուժում են ձրի, այդպես էլ նա բուժվել է ձրի: 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան երեքասենյականոց բնակարանի փոխարեն չորս սենյականոց բնակարան է տվել, ինքը դրա համար շնորհակալություն է հայտնել:

«Եթե տալիս են ու տալիս են տեղին, բայց երբ մարդը սխալ  է անում, չասե՞ս, դիտողություն չանե՞ս:  Օրինակ՝ «մարտի 1-ը» կուլ տալու բա՞ն է, դուք կլռեի՞ք, թե՞ կխոսեիք»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Իսկ Սերժ Սարգսյանը, երբ նա պաշտպանության նախարար էր,  հովանավորել է  նրա մեկ սկավառակը՝ տալով  երեսուն հազար դոլար: «Ես նրան ասացի, որ սա անհրաժեշտ է, որպեսզի մեր երեխաները հայ մեծանան: Եթե այդ  բանը չանեի, երեխաները առանց երգի էին մնալու, քանիցս շնորհակալություն եմ հայտնել: Բայց երբ որ Սերժ Սարգսյանի օրոք հետեւողական նշանակումներ են արվում՝ Մշակույթի, Կրթության նախարար, ես իրավունք չունե՞մ որպես քաղաքացի եւ որպես քիչ թե շատ հայտնի մարդ, դիտողություն անել»,- նշեց նա:

Ի դպե, նա տեղեկացրեց, որ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանից եւս գումար է վերցրել, երգ գրել, ընտրություններին կանգնել նրա կողքին, բայց նաեւ քննադատել է, իր խոսքով՝ «պատվերը կատարել է, ապա՝ քննադատել»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am