Երգահան Ռուբեն Հախվերդյանն անդրադարձել է «Ազատության» հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ իր հայտարարությունների վերաբերյալ հասցեին հնչող մեղադրանքներին:
«Սերժ Սարգսյանը՝ որպես քաղաքական գործիչ, կայացել է սովետական Ադրբեջանում, նա օգնականն է մի մարդու, որի անունն է Կեւորկով, նրա աջ ձեռքն էր, օգնականը, որի ձեռքով հայաթափվեց Ղարաբաղը»,- նշեց նա: Հարցին, թե ինչպե՞ս եք նման հայտարարություն անում, Սերժ Սարգսյանը ներդրում է ունեցել արցախյան ազատամարտում, երգահանը պատասխանեց, որ ներդրում ունեցել է մեր ամբողջ ժողովուրդը, եւ կոռուպցիայի մեջ եւս ներդրում ունի Սերժ Սարգսյանը, եւ արցախյան ազատամարտում ներդրում ունենալն ինչ կապ ունի «պրեզիդենտության» հետ:
«Իմ ասածն այն է, որ նա գավառամիտ մարդ է, լայնախոհ չէ, իմ կարծիքով, հատկապես նրա գալուց հետո, կոնկրետ քաղաքային մշակույթը գորշացավ»,- ասաց նա՝ հավելելով, որ օրինակ Արմեն Մազմանյանի նման ռեկտորներ առաջ եկան: Ռուբեն Հախվերդյանի խոսքով՝ «Մազմանյան Արմենը, որը որեւէ հայտնի ներկայացում չի արել, դարձավ Թատերական ինստիտուտի ռեկտոր, գիտե՞ք ինչի համար է դոշով պաշտպանում Սերժ Սարգսյանին, որովհետեւ նա թույլ տվեց, որ 2,5 միլիոն դոլարով վաճառի կինո «Նաիրիից» ներքեւ գտնվող Թատերական գործիչների միության շենքը»: «Եթե ես էլ էդքան փող աշխատած լինեի Սերժ Սարգսյանի պատճառով, ես էլ կգովերգեի նրան»,- նշեց նա:
Անդրադառնալով Շուշան Պետրոսյանի իշխանամետ հայտարարություններին՝ նա նշեց, որ երգչուհին ՊՆ-ից բավականին փողեր է ստանում, չի կարող չգովերգել իշխանությանը: Ինչ վերաբերում է երգչուհու հայտարարությանը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասին, նա պատասխանեց. «Վարդան Պետրոսյանը շատ հայտնի մարդ է, շատ սրամիտ, արվեստի արժեք է ներկայացնում իրենից: Ո՞ւր է Վարդան Պետրոսյանը որպես արվեստի գործիչ, ո՞ւր է Շուշան Պետրոսյանը, նա նույնիսկ իրավունք չունի նրա անունը տալու»,- նշեց նա:
Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը ծանոթ չէր Սերժ Թանգյանի եւ Սերժ Սարգսյանի հրապարակային նամակագրությանը: «Հորս արեւ, չեմ կարդացել այդ նամակները, բայց շատ լավ մտերիմ, ջահել տղա է, հիմարություններ դուրս տված չի լինի»,- ասաց Հախվերդյանը Թանգյանի մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























