Ես կարծում եմ, որ մենք պետք է հաղթենք: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ասուլիսում ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ անդրադառնալով «Ազատության» հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, որոնց նաեւ ինքն է մասնակցում: Ռուբեն Հախվերդյանը չի բացառում, որ այս անգամ եւս կարող է կրակեն ժողովրդի հետ՝ հավելելով, որ ամեն ինչ հնարավոր է:
Իսկ թե ինչու 2008թ ինքը դուրս չեկավ հրապարակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, նա նշեց, որ դա կապված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ նա իր կառավարման օրոք չի կարողացել զսպել Վանո Սիրադեղյանին, Վազգեն Սարգսյանին որոշ վայրիվերումների հետ կապված եւ մի քիչ էլ ինքնասիրահարված է, իսկ ինքը տանել չի կարողանում ինքնասիրահարված մարդկանց:
Ռուբեն Հախվերդյանի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի հետ բիզնեսներ ուներ, բայց թերեւս նրան ներելի է, որովհետեւ առաջին անգամ էր դարձել նախագահ. «Այս երեք իշխանությունները մեղավոր են այնքանով, որ ոչ թե փորձում են համակարգ ստեղծել, այլ այս չհամակարգից օգտվել»,- նշեց Ռուբեն Հախվերդյանը:
Հախվերդյանը նաեւ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի լեզու իմացող, լայնախոհ մարդ է, կրթված է, եւ ամենակարեւորը՝ կեղտոտված չէ, գործարքների մեջ չի մտել, իսկ «Սերժ Սարգսյանը եւ իր ախպերը ամեն տեղ փայ են մտել»: «Հասարակությունը դժգոհում է ոչ օբյեկտիվ ընտրություններից, իմ կարծիքով՝ իրավացի է, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է ձայների մեծամասնությունը, հիմնականում հաղթել են այն գյուղերում, որտեղ մարդիկ չեն ապրում: Լցրել եւ լցրել են, մեռյալ հոգիները ձայն են տալիս»,- նշեց երգահանը, հավելելով, որ հասարակության շրջանում գնալով անկումային տրամադրություններ է տեսնում, գլոբալ արտագաղթից նաեւ՝ ներքին արտագաղթ երիտասարդների մեջ, որովհետեւ նրանք ասում են, որ այս երկիրը ապրելու երկիր չէ. «Ժողովուրդը դիմացավ մութ ու ցուրտ տարիներին, որովետեւ հույս ուներ, կարողացավ դիմանալ վայրիվերումներին, մարդիկ դիմացան նաեւ Ռոբերտ Քոչարյանին, նա ավելի մոտ է քաղաքական գործիչ լինելուն, բայց վերջում հարամեց այս ամեն ինչը: Չեմ կարծում, թե մարտի մեկի դեպքերից ինքը տեղյակ չլիներ: Այժմ մարդիկ չեն դիմանում համատարած քծնանքին, գորշության մթոնոլորտին»,- նշեց նա:
Երգահանը խոստովանեց, որ մինչեւ հիմա էլ վստահ չէ, թե ինչի համար են գալիս իր երգերը լսելու, իսկ դպրոցական տարիներին ցածրահասակ լինելու հետ կապված թերարժեքության բարդույթ ուներ, միշտ սիրահարվում էր բոյով աղջիկներին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























