Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվանից հետո ժամանակավորապես փակված Էջմիածնի պոլիկլինիկայի մոտ գործող դեղատունը չի գործի այնքան ժամանակ մինչեւ փորձաքննության արդյունքները պատրաստ չլինեն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Էջմիածնի բաժնից:
«Պետք է ուսումնասիրության արդյունքներում համոզվենք, որ մանկական կերերի հետ կապված վտանգ չկա, որ նոր միայն վերաբացենք»,- փոխանցեցին ոստիկանությունից, նաեւ նշեցին, որ սննդի առումով նշանակված փորձաքննությունը հավանաբար առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կդառնա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար` Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում:
Տեղեկացրել էինք նաեւ, որ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, թե «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մանկական կերից թունավորվելու վարկածը եւս դեռ միանշանակ չէ, այլ ծնողների վարկածն է: Ներկա պահին ծանրակշիռ վարկած չկա: Բոլոր ուղղություններով փորձաքննություններ են նշանակվել եւ կատարվում է նախաքննություն:




























