ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է ներդնել 5 մլրդ դոլար՝ օգնելու Մերձավոր Արևելքի երկրներին վերականգնել Իրանի հետ պատերազմի ընթացքում տուժած էներգետիկ ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների պաշտոնյաներին։
«Թրամփի վարչակազմն առաջարկել է 5 մլրդ դոլար ներդնել նոր հիմնադրամում, որը կոչված է օգնելու մերձավորարևելյան երկրներին վերականգնել Իրանի հետ պատերազմի ընթացքում տուժած էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև նվազեցնել նավթի և գազի փոխադրման հարցում Օրմուզի նեղուցից կախվածությունը», — նշվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշում է WSJ-ն, այս քայլը «լռակյաց ընդունումն» է այն բանի, որ արդեն յոթ ամիս շարունակվող հակամարտությունն ապակայունացրել է համաշխարհային էներգետիկ շուկան։ Ռազմական գործողությունների հետևանքով ավերվել են տարածաշրջանային խողովակաշարերն ու նավթավերամշակման գործարանները, որոնց վերականգնումը կպահանջի զգալի ծախսեր։





























