ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով եղանակային նորություններ:
Ըստ Սուրենյանի՝ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանը գտվել է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով:
«Իրաքից եկող տաք օդային հոսքը կշարունակվի նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակում և զարգացման պիկին կհասնի սեպտեմբերի 23-24-ին: Այդ օրերին ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և արդեն սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքում կգրանցվի +33-+34 աստիճան տաքություն, որը այդ օրերի համար բավական բարձր է»,- ասել է Սուրենյանը:
Նա հավելել է, որ մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններին կամ կգերազանցի այն։ Սեպտեմբերի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ նորմայից բարձր։
Սեպտեմբերի 23-27-ին Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, բացառությամբ Շիրակի, Լոռի և Տավուշի, որտեղ 22-ին, 25-27-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:





























