Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի գիտնականների խմբի կողմից անցկացված նոր հետազոտության համաձայն՝ նախապատմական ցիկլոնների և այլ ծայրահեղ եղանակային երևույթների ռիթմերը կարելի է հետևել ցամաքային խխունջի մեջքին գտնվող խեցու միջոցով։
Ամեն ինչ խխունջի խեցու ձևավորման եղանակի մեջ է։ Փոքրիկ, նոր դուրս եկած խխունջն արդեն ունի խեցի, և այն նույնքան փոքրիկ է։ Խեցին կոշտ է, այն պաշտպանում է խխունջի օրգանները, բայց նաև սահմանափակում է ներսում գտնվող փոքրիկ փափկամարմնի աճը։
Քանի որ խխունջը չի կարող լայնացնել իր խեցու ոլորված խողովակը, այն աճում է դեպի «դուրս»՝ խեցու բացվածքի մոտ գտնվող կենտրոնական պարույրից, հաղորդում է Planet Today-ը։
Քանի դեռ խխունջի մարմինը մեծանում է՝ բաժանվելով խեցուց, խխունջի մանտիան՝ նրա մեջքին գտնվող հատուկ օրգանը, որը գոյություն ունի հենց այս նպատակի համար, խեցու բացվածքում արտազատում է կալցիումի կարբոնատ, որը կարծրանում է՝ արտաքին միջավայրի հետ շփման ժամանակ ձևավորելով պինդ բյուրեղներ։
Այսպիսով, խխունջի խեցին նույնպես «աճում է» դեպի դուրս՝ պարուրաձև կորանալով իր բնակչի հետ ներդաշնակ։ Այս իմաստով խխունջի խեցին որոշ չափով նման է ծառի տարեկան օղակներին. կալցիումի կարբոնատից յուրաքանչյուր նոր օղակ, որը խխունջը ավելացնում է իր խեցու բացվածքին, միաժամանակ պահպանում է տեղեկատվություն խխունջի կյանքի տվյալ փուլի մասին։
Օրինակ՝ նոր հետազոտության ընթացքում Բիգենդենի գծավոր խխունջի (Figuladra bayensis) մեկ խեցու աճի որոշ գոտիներում հայտնաբերվել են ռադիոածխածնի բարձր մակարդակներ, որոնք ակնհայտորեն մնացել էին միջուկային փորձարկումներից։
«Խեցու աճի գոտիների տարիքը որոշելու համար մենք օգտագործել ենք բարձր ճշգրտության ռադիոածխածնային թվագրում», — ասում է երկրաբան և էկոլոգ Նիկոլաս Պատոնը, որը ղեկավարել է հետազոտությունը։ «Դրանք պարունակում էին ռադիոածխածնի բարձր մակարդակներ, որոնք մնացել էին 1960-ական թվականներին Ավստրալիայում իրականացված միջուկային փորձարկումներից հետո, ինչը մեզ թույլ տվեց թվագրել աճի գոտիները և հաստատել, որ խխունջը ապրել է մոտ 4,5 տարի»։
Ածխածնի և թթվածնի իզոտոպները նույնպես փակված են խեցու նյութի մեջ, ինչը գիտնականներին թույլ է տալիս դրանք մեկնաբանել որպես հուշումներ այն կլիմայական և էկոլոգիական գործոնների մասին, որոնց պայմաններում ապրել է խխունջը, ինչպես նաև այն սննդի մասին, որով այն սնվել է։
«Մենք հայտնաբերեցինք, որ խեցին խխունջի ողջ կյանքի ընթացքում անընդհատ չի աճել. եղել են արագ աճի շրջաններ, որոնք բաժանված են եղել աննշան աճի կամ դրա լրիվ բացակայության շրջաններով», — բացատրում է Պատոնը։
Որոշ տարիներին դրա երկարությունը հասնում էր 23,7 միլիմետրի, իսկ մյուսներին՝ 144,3 միլիմետրի։ «Բայց արդյունքները ցույց տվեցին, որ խխունջը արձագանքել է ծայրահեղ հեղեղատար անձրևներին, այլ ոչ թե տարեկան խոնավությանը», — ասում է էկոլոգ Ջեյմի Շուլմայստերը։
Հետազոտողների խումբը հորդառատ անձրևներից հետո արագ աճի փուլերը կապել է 2015 և 2017 թվականների կոնկրետ ցիկլոնների հետ՝ ուժեղ արևադարձային «Մարսիա» ցիկլոնի և արևադարձային «Դեբբի» ցիկլոնի, որոնք ուժեղ տեղատարափներ էին առաջացրել Քոուլսթոուն-Լեյքս ազգային պարկում, որտեղ էլ հավաքվել էր խխունջի խեցին։
Շուլմայստերը կարծում է, որ խխունջների խեցիները կարելի է օգտագործել անցյալում տեղի ունեցած ծայրահեղ եղանակային երևույթների քարտեզագրման համար։ Իրենց հանքային բնույթի շնորհիվ խեցիները շրջակա միջավայրում պահպանվում են շատ ավելի երկար, քան դրանք կառուցած խխունջները։
Եվ ավելի ու ավելի տարածում է ստանում այն գիտությունը, որը նման կենսաբանական տվյալներն օգտագործում է պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել մինչև ժամանակակից օդերևութաբանական դիտարկումների սկսվելը։
«Եթե մեզ հաջողվի տարբեր նստվածքային շերտերում խեցիներ գտնել, մենք կկարողանանք առանձին խեցիների տվյալները համադրել՝ հետազոտության շրջանակն ընդլայնելու և ավելի հեռավոր ժամանակաշրջանների մասին տեղեկություն ստանալու համար», — ասում է Պատոնը։
«Զարմանալի և շատ ոգևորիչ էր, որ սովորական մի խխունջ կարող է ծառայել որպես գործիք անցյալի ցիկլոնների ուղիները վերականգնելու համար նույնիսկ նախապատմական ժամանակներում», — ավելացնում է Շուլմայստերը։




























