Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը Վաշինգտոնին կոչ է անում մեղմացնել Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ այն համաձայնագրի դիմաց, որով Փհենյանը կսառեցնի իր սպառազինությունների ծրագրերը։

Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է ուրբաթ օրը «New York Times» թերթին տված հարցազրույցում։

«Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնն այժմ ԱՄՆ-ին կոչ է անում մեղմացնել Փհենյանի դեմ պատժամիջոցները՝ սպառազինությունների ծրագրերի սառեցման մասին համաձայնագրի դիմաց»,- նշված է պարբերականի երեքշաբթի օրվա հրապարակման մեջ։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ աշխարհը ԿԺԴՀ-ի նկատմամբ նման քաղաքականությունից զատ չունի որևէ «իրատեսական այլընտրանք»։ Լի Ջե Մյոնը նաև կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակ առաջնորդն է, ով կարող է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

«Հավատացած եմ՝ անչափ մեծ արժեք ունի արդեն իսկ անարդյունավետ պատժամիջոցները լրացուցիչ միջուկային զենքի ու միջմայրցամաքային հրթիռների մշակման դադարեցմամբ փոխարինելը»,- թերթը մեջբերում է նախագահի խոսքերը։

Պարբերականը նշում է, որ սառեցումն ապահովելուց հետո Հարավային Կորեայի նախագահը ծրագրում է փոխադարձ զիջումների միջոցով վստահություն ձևավորել, որպեսզի ի վերջո համոզի ԿԺԴՀ-ին կրճատել իր միջուկային արսենալը։ Վերջնական նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում Փհենյանն իրեն բավարար չափով պաշտպանված կզգա՝ առանց միջուկային զենքի գոյատևելու համար, ավելացնում է թերթը։

Լի Ջե Մյոնը սեպտեմբերի 22-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Նախագահը մտադիր է ներկայացնել ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ առաջարկներ, ընդգծել Հարավային Կորեայի ավանդը գլոբալ խնդիրների լուծման գործում, ինչպես նաև շարադրել Կորեական թերակղզում խաղաղ համակեցության իր տեսլականը։