«Օբորոնսերվիսի» գործի մասնակից Եվգենիա Վասիլեւայի գույքի նկատմամբ կալանք է սահմանվել, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Կալանքի տակ են Վասիլեւայի երեք բնակարանները. մեկը Մոսկվայում, երկուսը՝ Սանկտ Պատերբուրգում, ինչպես նաեւ Լենինգրադում գտնվող առանձնատունը եւ Արբատի ոչ բնակելի շինությունը, որի մակերեսը գերազանցում է 600 քմ-ը, հայտնում է dni.ru-ն:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, խոսքը 13 սենյականոց բնակարանների մասին է, որոնցում Ե. Վասիլեւան տնային կալանքն է կրում:
Տնային կալանքի տակ գտնվող Վասիլեւայի աջ ոտքին նաեւ էլեկտրոնային օղ են հագցրել` վերահսկողությունն ապահովելու համար: Տանը եւ լողավազանում նույնպես վերահսկողությունն ապահովող սարքեր են տեղադրված:
Հիշեցնենք, նախկին պաշտոնյան մեղադրվում է ռազմական գերատեսչության դուրս գրված գույքի վաճառքի մեջ հատկապես խոշոր չափերի խարդախություններ կատարելու համար: Նրա բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել էր անձնական գույքը՝ 1.5 հազար միավոր տարբեր զարդեր, նաեւ՝ 30 կտավների հավաքածու՝ 4 մլն դոլար ընդհանուր արժեքով: Նախօրեին քննությունը հրաժարվել էր վերադարձնել զարդերն ու գումարը՝ նշելով, որ դրանք իրեղեն ապացույցներ են:




























