Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ անիմաստ է մասնակցել հերթական միջոցառմանը, որովհետեւ այն իրենց համար` որպես ընտրություն, չի կարող դիտարկվել: «Վերջին մի քանի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի ընտրական գործընթաց: Դա ընդամենը միջոցառում է, որը պարտադրված կատարվում է եւ որի արդյունքը նախօրոք կանխորոշված է: Հետեւաբար, քանի դեռ ընտրական օրենսգրքում փոփոխություն չեն մտցվել, քանի դեռ բոլոր լծակները իշխող կուսակցության ձեռքում են, անիմաստ ենք համարում որեւիցե այդ կարգի ընտրություններում մեր մասնակցությունը»:

Նա շեշտեց, որ պետք է հասնել նրան, որ գործող իշխանությունները փոխվեն եւ գիտակցեն, որ այդպես հնարավոր չէ, կամ էլ հասնել նրան, որ այս իշխանությունները այլեւս երկրում իշխող չլինեն: «Քաղաքական ուժի համար ճիշտ չէ, իմանալով հանդերձ, թե ինչ է տեղի ունենալու ընտրությունների ընթացքում եւ ինչ արդյունք են գրանցելու, ընդամենը մասնակցություն ապահովել»,-նշեց Լյուդմիլա Սարգսյանը: