Մարտի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 4-րդ նիստը։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծված «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբում ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովում ընդգրկված են ԱԻ նախարարության եւ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած սայլակավոր 4 քաղաքացու, որոնք բոլորն էլ հարցազրույցի արդյունքում անցան հաջորդ փուլ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաեւ հաշմանդամներին ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի տեղավորելու հարցը եւ հավանական հաստիքների համապատասխանությունը հաշմանդամություն ունեցող տվյալ անձանց հնարավորություններին։

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` ԱԻ նախարարությունում ստեղծվել է 30 աշխատատեղ, եւ արդեն հաշմանդամություն ունեցող 11 անձ ներկայումս փորձաշրջան է անցնում ԱԻՆ համակարգում։

Առայժմ ԱԻ նախարարությունում աշխատանքի ընդունվելու համար առաջնայնություն է տրվում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց ամենախոցելի խավի ներկայացուցիչներին` սայլակով շարժվողներին, որոնք տեղաշարժվելու լուրջ խնդիր ունեն։