Նախընտրական քարոզարշավի ընթացքում մահափորձ տեղի ունեցավ թեկնածուներից Պարույր Հայրիկյանի նկատմամբ, իսկ ընտրություններից հետո` իշխանության նկատամբ: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Նախագահական ընտրություններում քաղաքացիներն իրենց քվեարկությամբ քաղաքական մահափորձ կատարեցին Սերժ Սարգսյանի նկատամբ: Նա հիմա քաղաքականապես անկողնային վիճակում է: Սերժ Սարգսյանը տառապում է «ժողովրդի ատելություն» հիվանդությամբ եւ այդ ատելությունը, կներեք, բայց երկողմանի է»,- ասաց Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը երկարաձգում է Սերժ Սարգսյանի անկողնային վիճակում մնալը: «Ինքը կամ պետք է օգնի Սերժ Սարգսյանին, որ ապաքինվի, բայց ապաքինվել չկա, նրա օրերը հաշված են: Իր թիմում բոլորը հասկացան, որ Սերժ Սարգսյանն իրավիճակին չի տիրապետում: Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրը նաեւ իրավահաջորդի հարցն է: Այսինքն` Հայաստանի չորորդ նախագահը Սերժ Սարգսյանի մարդը չի լինի, քանի որ ինքն այդ ռեսուրսը չունի: Հիմա այլ հարց է, իշխանափոխությունը տեղի կունենա ներքեւի՞ց, թե՞ վերեւից: Ես ներքեւի կողմնակիցն եմ, որում մեծ դերակատարում ունի Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր Հայաստանի իշխանություններն ավելի թույլ են, քան մինչ այդ եղած իշխանությունները: 1996թ-ից հետո նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդքան թույլ չէր»,- կարծիք հայտնեց Արամ Հարությունյանը` հավելելով, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական չլինի, Սերժ Սարգսյանը կերկարացնի իր կյանքը դեղամիջոցով, որը կոչվում է կեղծ ընդդիմություն:

Նա առաջարկեց որեւէ դահլիճում հանդիպում կազմակերպել քաղաքական ուժերի եւ ժողովրդի միջեւ` մոռանալով, թե ով ում ինչ է ասել եւ որոշեն գնալ Ազատության հրապարակ:

Հարցին, թե ինքն ինչու չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանին, Արամ Հարությունյանն ասաց, որ ուզում է Րաֆֆի Հովհաննիսյանին հավատալ  եւ վճռական քայլեր առաջարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am