Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը նախատեսում է գերուրբանիզացման թեթեւացում, այնպես, որ կառուցապատումներն ուղղվեն Երեւանի այլ շրջաններ: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը: Նրա խոսքով՝ այդ նպատակով կկիրառվեն տնտեսական, հարկային խթաններ, կվերլուծվեն սեյսմիկ ռիսկի խնդիրները: Բացի այդ՝ փոքր կենտրոնում կկիրառվեն քաղաքաշինական պլանավորման հատուկ չափորոշիչներ՝ հաշվի առնելով խտությունը, բարձրությունը, կանաչ հողամասերի հարաբերակցությունը: Սա նշանակում է, որ փոքր կենտրոնում կառուցապատում իրականացնելու համար փաստաթղթային ընթացակարգը կբարդեցվի:
Ըստ Ռ. Ալավերդյանի՝ Երեւանի կենտրոնը պետք է տարանջատվի գոտիավորմամբ, իսկ դա նշանակում է, որ որոշ գոտիներում կառուցապատումը պետք է դիտվի որպես բացառիկ դեպք:




























