Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը ուրախ է, որ Շիրակի մարզպետ են նշանակել ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս  Ցոլակյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Գիզիրյանը:

«Ճանաչում եմ, շատ նորմալ հարաբերություններ ունեմ իր հետ, եւ ուրախ եմ, որ նշանակվում է Ֆելիքս Ցոլակյանը»,- ասաց նա: Նախկին մարզպետ շատ լավ հարաբերություններ ունի ներկա մարզպետի հետ, ընկերներ են, հետեւաբար` ոչ միայն զանգելու է շնորհավորելու, այլեւ հարկ եղած դեպքում` գնալու է հանդիպի:

Աշոտ Գիզիրյանը վստահ է, որ Ֆելիքս Ցոլակյանը միանշանակ կկարողանա շարունակել իր գործը: Հարցին, թե իրեն կհաջողվի՞ այնպես անել, որ հաջորդ ընտրություններին ՀՀԿ-ն բարձր ձայներ ստանա, նա այսպես պատասախանեց. «Այ դա իրեն հարցրեք»: «Ինքը տեղացի է, ծնունդով այդտեղից է, կարծում եմ` իր մոտ ամեն ինչ կստացվի: Իսկ ընտրություններին դեռ 4 տարի կա»,- ասաց Աշոտ Գիզիրյանը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ են Շիրակում միշտ ուժային կառույցների ղեկավարներ նշանակում, դա այդքան ծա՞նր մարզ է, նա նշեց, որ չի կարող ասել, պետք է հարցնել այն մարդկանց, ովքեր նշանակում են: Եւ հետո, Աշոտ Գիզիրյանը հավելեց, որ շատ մարզեր կան, որտեղ ուժային կառույցների ղեկավարների են նշանակում, օրինակ` Արարատ, Արմավիր:

Ի դեպ, նախկին մարզպետն ասաց, որ այժմ հանգստանում է:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել այն բանից հետո, երբ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում ավելի քիչ ձայներ ստացավ, քան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրատվամիջոցներում Շիրակի մարզպետի հավանական թեկնածուների բազմաիթվ անուններ շրջանառվեց` Յուրի Վարդանյան, Արման Սահակյան, սակայն Կառավարության որոշմամբ` Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը: