Նոր Հայաստանում փոխադարձ հարգանքը պետք է նորմա լինի: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու ավելի սուր չեմ արտահայտվում: Ոչ, այդպես չպետք է լինի: Մենք հարգում ենք բոլորին, հարգում ենք եւ Սերժ Սարգսյանին: Բայց մենք հարգում ենք եւ մեր ժողովրդի հաղթանակը: Եւ ես պահանջում եմ, որ մինչեւ ապրիլի 9-ը (երդմնակալության օրը-խմբ.) Սերժ Սարգսյանը հարգանք ցուցաբերի ժողովրդի կամքի նկատմամբ եւ լքի զբաղեցրած աթոռը: Մեր հաղթանակը փետրվարի 18-ին եղել է ոչ թե Րաֆֆիի կամ Սերժի հաղթանակը, այլ թալինցիների հաղթանակը, Արագածոտնի բնակիչների, ողջ Հայաստանի հաղթանակը: Եւ ես մինչեւ կյանքիս վերջը պարտավոր եմ պաշտպանել այդ հաղթանակը, մեր Սահմանադրությունը: Եւ ոչ ոք իրավունք չունի մեզնից խլելու այդ իրավունքը: Դուք եք որոշելու, թե ինչպես պիտի պաշտպանենք այն: Ես կկանգնեմ ձեր կողքին` պաշտպանելու այդ որոշումը»,- ասել է Հովհաննիսյանը` դիմելով իր կողմնակիցներին: