Ժամանակին ասում էին վարորդը նաեւ հսկիչ է, իսկ հիմա պարզվեց, որ կաֆելչիկը նաեւ քիլեր է: Այս մասին այսօր` մարտի 7-ին, մամուլի ասուլիսում նշեց նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, հավելելով, որ Վարդան Սեդրակյանը որեւէ կերպ չի տեղավորվում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատվիրատուի դերում:
«Նրա կողմից Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մոտիվացիա չեմ տեսնում: Հայրիկյանը Սեդրակյանին չէր խանգարում: Միգուցե էպոսի դրական հերոսներից մեկն էր, բայց իմ համար անհասկանալի է, թե ինչու էր ասում, որ իրեն կձերբակալեն»,- ասաց Արամ Հարությունյանը, ով համոզված է, որ Հայրիկյանի մահափորձը բացահայտված է, բայց այդ տղաներն են, թե` ոչ, դա այլ հարց է:
«Հայրիկյանը մի քիչ շատ անբնական է, նա շատ բան ունի ասելու: Նա ցանկություն չունի այդ տղաներին տեսնելու, բացի այդ ոչ ոք չի կարող ասել, թե ինչու Հայրիկյանը հետ վերցրեց ՍԴ-ի դիմումը: Այդ հարցի պատասխանը չկա: Կամ ինչո՞ւ են այսօր իշխանությունները կարողանում այդ տոնով խոսել կամ ինչպես ասում են արհամարհել Հայրիկյանին: Հարցեր են, որ պատասխան չունեն»,- ավելացրեց Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը Հայրիկյանից պետք է շնորհակալություն հայտի, որ ընտրությւոնները քառասուն օրով չհետաձգեց: «Այսինքն` ի՞նչ ունեն իշխանությունները Հայրիկյանի դեմ, որ կարողանում են այդ տոնով խոսել կամ ավելի ճիշտ չխոսել Հայրիկյանի դեմ»,- ընդգծեց Արամ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























