Այս տարվա սկզբից Ադրբեջանի բանակում արդեն 16 զինծառայող է զոհվել: Ինչպես հաղորդում է «Էխո» թերթը, այս մասին հայտնել է ռազմական փորձագետ ՈՒզեիր Ջաֆարովը: Նրա խոսքով` այն, որ վերջին օրերին հաճախակիացել են զինվորների մահվան դեպքերը, ընդամենը զուգադիպություն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զոհված զինծառայողների թիվը 20 է եղել: Հատկանշական է, որ, ըստ նրա,  16 զոհերից միայն երկուսն են ընկել հայկական կողմի գնդակից:

Նրանցից երեքը զոհվել են փետրվարի 11-ին` ուղղաթիռի աղետից, մեկը մահացել է վարժանքների ժամանակ անհաջող հնարքի պատճառով, երբ շուռ է եկել տանկը եւ զինվորը մնացել է տակը: Եւս մի քանիսը զոհվել են ավտովթարներից, մեկը խեղդվել է եւ այլն:

«Մարտի 10-ին երիտասարդությունը պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել «Վերջ տալ զինվորների մահվանը» կարգախոսով: Ես հանդիպել եմ նրանց հետ եւ բացատրել, որ զինվորների մահվան պատճառը բանակի մեջ չէ, այլ` խորհրդարանի: Քանի որ հենց Միլի Մեջլիսում ընդունված օրենքի համաձայն է, որ 18-ամյա անփորձ զինվորները ծառայում են փորձառու, 35-ամյա զինծառայողների հետ: Մեր մենթալիտետն այնպիսին է, որ փորձառու զինծառայողը չի կատարի այն բոլոր պարտականությունները, որոնք իր վրա դրված են եւ ողջ ծանրությունն ընկնում է 18-ամյա տղաների վրա: Նրանք էլ չեն դիմանում եւ երբեմն դիմում են ինքնասպանության կամ վերցնում են զենքն ու սկսում են կրակել մյուսների վրա»,-ասել է ռազմական փորձագետը: