Ադրբեջանի ընդդիմադիր երիտասարդական կազմակերպություններն ու սոցիալական ցանցերի ակտիվիստները Բաքվում մարտի 10-ին չարտոնված հանրահավաք են անցկացնելու` իրենց բողոքը հայտնելով ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերի հետ կապված:
Միաժամանակ, հայտնի են դարձել Սիյազանում մարտի 6-ին կայացած բողոքի ակցիայի մանրամասները: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` հիմնականում ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել շրջանի դատախազի գործունեությունից եւ իշխանություններին խնդրել պաշտոնանկ անել նրան: Հարյուրավոր մարդիկ շրջդատախազ Քյազիմովին մեղադրել են օրենքի կոպիտ խախտումների, մարդկանց հետ դաժան վերաբերմունքի, անգամ հանցավոր խմբավորումների հետ ունցած կապի մեջ:
Նշենք, որ Ադրբեջանում վերջին շրջանում հաճախակի են դարձել բողոքի տարբեր ակցիաները: Հունվարին բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում Իսմայիլլի քաղաքում, որոնք վերաճեցին անկարգությունների: Հունվարի կեսերին Բաքվի Յասամալսկի շրջանում փախստականները փողոց էին դուրս եկել` բողոքելով իրենց չլուծվող կենցաղային պայմաններից: Անցած ամիս էլ ղարաբաղցի փախստականը դիմել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի օգնությանը` իր երկրում խնդիրների լուծման չհասնելով:




























