Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիները թող վերանորոգվեն, թեկուզեւ խաչ չդրվի։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը՝ հավելով, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ դնելու հարցն իր համար այդքան էլ էական չէ։

«Թուրքիայում գտնվող հայկական շատ ուրիշ հուշարձաններ կան, որոնք օրհասական վիճակում են եւ վերականգման կարիք ունեն։ Մենք ոչ թե անընդհատ պիտի արծարծենք խաչը դնելու կամ չդնելու հարցը, այլ պետք է ներկայացնենք այն հուշարձանների ցանկը, որոնք վերականգման կարիք ունեն»,- վրդովված հավելեց հուշարձանագետը։

Նշենք, որ 2009 թվականի դեկտեմբերին Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել էր, որ Սուրբ Խաչ եկեղեցին վերականգվելու է եւ գմբեթին տեղադրվելու է խաչը։ Մեկ ամիս անց Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն էլ իր հերթին հայտարարեց, որ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվելու։

Հիշեցնենք, որ 2005 թվականի մայիսին Թուրքիայի կառավարությունը նախաձեռնեց վերանորոգել Աղթամար կղզուՍուրբ Խաչ եկեղեցին։