Այսօր` մարտի 9-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցեր: Ելույթով հանդես են եկել ՕԵԿ համամասնական ցուցակը ներկայացնող առաջին երեք համարները` Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյանը եւ Սոֆյա Արթենյանը:

Բանախոսները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու ծրագրերը առաջիկա ընտրությունների հետ կապված: Այնուհետեւ վարչությունը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի նախնական կազմը, որը վերջնական տեսքով, համաձայն ՀՀ «Ընտրական օրենսգրքի», սահմանված ժամկետներում կներկայացվի Կենտրանական ընտրական հանձնաժողով:

«Օրինաց երկիր» կուսակցության վարչությունը, առաջնորդվելով երկրում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունից, կարեւորելով կուսակցության` տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը, քննարկել է Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որը նախատեսում է մայրաքաղաքում ժողովրդին հուզող տեղական նշանակության խնդիրների լուծում` նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով: Վարչությունը քննարկել է նաեւ ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր: